Skip to main content
Newsroom Fact sheet

Բաց Հասարակության Հիմնադրամների Հայաստանյան գրասենյակը

Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանը, սկսելով գործունեությունը 1997 թվականին, ավելի քան 53 միլիոն ԱՄՆ դոլարի ծրագրային աջակցություն է ցուցաբերել Հայաստանին: 2018 թվականին Հայաստանում սկիզբ առած և ցայսօր շարունակվող լրջագույն քաղաքական անցմանը զուգընթաց՝ Հիմնադրամը հավատարիմ է մնում այն արժեքներին, որոնցով առաջնորդվել է ավելի քան 20 տարի՝ արդարություն, հաշվետվողականություն և թափանցիկություն:

Լեռնային Ղարաբաղում պատերազմի և Ադրբեջանի և Թուրքիայի պարտադրած տնտեսական շրջափակման հետևանքով Հայաստանը 1997 թվականին հայտնվել էր մեկուսացման և աղքատության մեջ: Երկիրը շարունակում էր համակերպվել խորհրդային շրջանի սոցիալական պաշտպանության համակարգի փլուզման հետ: Այդ կառույցներից շատերը Հայաստանում ֆինանսավորման և բարեփոխման կարիք ունեին:

Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանն արձագանքեց իրավիճակին՝ դպրոցներին, համալսարաններին, գրադարաններին և առողջապահական հաստատություններին տրամադրելով անհրաժեշտ սարքավորումներ, տեխնոլոգիաներ և փորձագիտական օգնություն: Շահառուներից կարելի է առանձնացնել Հայաստանի ազգային գրադարանը և Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը՝ Մատենադարանը, որը ձեռագրերի և պատմական մատյանների հնագույն և հարստագույն պահոցներից է աշխարհում:

Այդ ժամանակներից ի վեր Հիմնադրամն աջակցել է քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի, այդ թվում՝ հետաքննող լրատվամիջոցներին, իրավապաշտպաններին, ընտրությունները և պետական ծախսերը մշտադիտարկող կազմակերպություններին, ինչպես նաև բռնության ենթարկված կանանց ապաստարաններին:

Infographic

9 ՓԱՍՏ ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

  1. 2000-2005 թվականներին Հիմնադրամն աջակցել է Հայաստանի գրադարանների ավտոմատացման ծրագրերին: Հիմնադրամի դրամաշնորհով Հայաստանում ստեղծվել է գրադարանների ավտոմատացված բազմատարածական համակարգ և ընդհանուր կատալոգ, որը ներառում է հայաստանյան 10 հիմնական գրադարանները և պարունակում է ավելի քան 1 միլիոն 200 հազար մատենագրական նմուշ:
  2. 2008 թ.-ին համաշխարհային ֆինանսական ճգնաժամին հաջորդած իրավիճակում հիմնադրամն օգնել է տնտեսական ծանր կացության մեջ հայտնված ավելի քան 65000 հայաստանցի ընտանիքներին, որոնց տրամադրվել է տաք կերակուր, տնային ջեռուցում, տրանսպորտի և առողջապահական ծառայություններ: Հակաճգնաժամային այս մեծ ծրագիրն իրականացնելու համար հիմնադրամը 2.2 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել և դոնորներից լրացուցիչ 2.5 միլիոն ԱՄՆ դոլար հավաքագրել ` աջակցելով շուրջ 60 տարբեր նախագծերի:
  3. Հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանում ներդրվել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայություններ: Հիմնադրամն աջակցել է հոգեկան առողջության համայնքահեն կառույցներին՝ այդ թվում Սպիտակի խնամքի տան ծրագրին:
  4. Հիմնադրամն աջակցել է նոր դասընթացների և ուսումնական ծրագրերի մշակմանը՝ օգնելով Հայաստանի համալսարաններին բարելավել առարկայական և մասնագիտական ծրագրերը: 2012 թվականից Հիմնադրամն աջակցել է բարձրագույն կրթության ոլորտում հաշվետվողականության մեխանիզմների ստեղծմանը և մշտադիտարկել է կրթական բարեփոխումների իրագործման ընթացքն ամբողջ երկրում:
  5. Հարգելով անբուժելի հիվանդություններով ապրող խնամառուների արժանապատվությունը՝ Հիմնադրամն աշխատել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ՝ ստեղծելու ամոքիչ (պալիատիվ) խնամքի ազգային չափորոշիչներ և ֆինանսավորելով կյանքի վերջին օրերն ապրող անձանց խնամքի գծով մասնագիտացող նոր կադրերի վերապատրաստումը:
  6. Հիմնադրամը 1.5 միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրել աջակցելու կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների աշխատանքը, մասնավորապես՝ ընտանեկան բռնությունից տուժած անձանց տրամադրվող հրատապ ծառայությունները:
  7. Հիմնադրամը 1997 թվականից ի վեր շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն է ցուցաբերել Հայաստանում անկախ լրատվամիջոցների կայացմանը:
  8. Քաղաքացիների մասնակցայնությունը խթանելու ուղղությամբ Հիմնադրամի իրականացրած աշխատանքները ներառել են օգնություն տեղական խմբերին՝ պաշտպանելու խաղաղ հավաքների և արտահայտվելու ազատության իրավունքները, ինչպես նաև տեղեկատվության ազատության մասին օրենսդրության կիրառմամբ՝ դիտարկելու հանրային ծառայությունների մատուցումը:
  9. Հիմնադրամն աջակցել է Հայաստանի բանտերում, ոստիկանության պահման խցերում, հոգեբուժական հաստատություններում և տարեցների խնամքի տներում պայմանների համակարգված մշտադիտարկմանը և բարելավմանը:

Read more

Subscribe to updates about Open Society’s work around the world